• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՀՀ գերակայությունները և ներգրավվածությունը ՄԱԿ-ում

Հայաստանի Հանրապետությունն անդամակցում է Միավորված ազգերի կազմակերպությանը (ՄԱԿ) 1992թ․ մարտի 2-ից, երբ ՄԱԿ ԳԱ-ի կողմից ընդունվեց Հայաստանի հայտը հաստատող  A/RES/46/227 բանաձևը։

Համամարդկային արժեքների, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության հաստատման սկզբունքների հիման վրա Հայաստանը ակտիվ մասնակցություն է ցուցաբերում ՄԱԿ շրջանակներում ծավալվող աշխատանքներին։ Միևնույն ժամանակ, արդյունավետ համագործակցություն է իրականացվում կազմակերպության բազմաթիվ կառույցների և օղակների հետ:

Միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտ, զինաթափման հարցեր

Միավորված ազգերի կազմակերպությունը կոչված է նպաստելու միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդմանը, ապագա սերունդներին նոր պատերազմներից փրկելուն, գլոբալ զարգացմանը և մարդու իրավունքների ու արժանապատվության պաշտպանությանը։

Հայաստանը հետևողական կերպով սատարում է գլոբալ զինաթափման, չտարածման, սովորական սպառազինությունների վերահսկման, վստահության և անվտանգության ամրապնդման միջոցառումների ոլորտներին վերաբերող պայմանագրերի և ռեժիմների լիարժեք ու համապարփակ իրականացումը։

Մասնակցությունը ՄԱԿ խաղաղապահ գործողություններին կարևոր ներդրում է միջազգային խաղաղության և անվտանգության պահպանությանը: Հայ խաղաղապահները տեղակայված են Լիբանանում ՄԱԿ ժամանակավոր ուժերի (UNIFIL) և Մալիում Բազմազգ միացյալ կայունացման առաքելության (MINUSMA) կազմերում։

Հայաստանը հանձնառու է իր ներդրումը բերելու ՄԱԿ համապատասխան մարմինների և անդամ պետությունների համատեղ ջանքերին՝ ընդդեմ միջազգային ահաբեկչության, որը շարունակում է լրջորեն սպառնալ միջազգային խաղաղության ու անվտանգությանը։ Այս համատեքստում կարևոր նշանակություն ունի աջակցությունը ՄԱԿ Հակաահաբեկչական գրասենյակի (United Nations Office of Counter-Terrorism) և Հակաահաբեկչական կոմիտեի գործադիր տնօրինության (Counter-Terrorism Committee Executive Directorate) աշխատանքներին:

ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկումներին մասնակցության միջոցով Հայաստանը ներկայացնում է իր արտաքին քաղաքական առաջնահերթությունները և միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման համատեքստում իր մոտեցումները։

Զարգացման օրակարգ

Հայաստանի միջազգային համագործակցության շրջանակում կարևոր տեղ է զբաղեցնում կայուն զարգացման օրակարգը: Այդ նպատակով մասնակցություն է ցուցաբերվում միջազգային զարգացմանն ուղղված նախաձեռնություններին և ծրագրերին: Մեծ կարևորություն է տրվում միջազգային լավագույն փորձի, ռեսուրսների օգտագործմանը և տեղայնացմանը ՀՀ ազգային ծրագրերում: Այս մոտեցումները լիարժեքորեն արտահայտվում են ՄԱԿ-ի շրջանակում ներգրավվածության մեջ, այդ թվում՝ Տնտեսական և սոցիալական խորհրդի ներկա անդամակցությամբ:

2015թ․ սեպտեմբերի 15-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի բանաձևով ընդունվել է  «Վերափոխելով աշխարհը․ Կայուն զարգացման 2030 օրակարգ» խորագրով հռչակագիրը, որում ներառվել են կայուն զարգացման 17 նպատակները, որոնք հիմնված են հազարամյակի զարգացման նպատակների (ՀԶՆ) արձանագրած հաջողությունների վրա:

Կայուն զարգացման նպատակներին հասնելու գործում Հայաստանն առաջնայնություն է տալիս կայուն և ներառական տնտեսական համագործակցությանը՝ «ոչ ոքի հետևում չթողնելու» կարգախոսի ոգով։ Հայկական կողմն առաջ է մղում այն տեսլականը, որ կայուն զարգացման առանցքային նախադրյալ է մարդու իրավունքների, մասնավորապես տնտեսական և սոցիալական իրավունքների պաշտպանությունը։ Այդ առումով Հայաստանի առաջնայնությունների շարքում է մարդկային կապիտալի զարգացումը, նորարարությունները և գիտելիքահեն տնտեսության ու բարձր տեխնոլոգիաների զարգացումը, զարգացման իրավունքի իրացումը, կանանց և երիտասարդության տնտեսական մասնակցությունը։

Կայուն զարգացման 2030 օրակարգի իրականացման գործում իր նպաստը բերելու և զարգացման համագործակցության ոլորտում սեփական տեսանելիության բաձրացման նպատակով կարևոր նշանակություն ունի ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդին անդամակցությունը։

2030 օրակարգի շրջանակներում ներառական համագործակցության առումով հայկական կողմը կարևորում է հակամարտության գոտիների բնակչության զարգացման կարիքներին արձագանքումը և նրանց ներգրավումը Կայուն զարգացման նպատակներին առնչվող գործընթացներում։

ՄԱԿ զարգացման օրակարգի շրջանակներում պարբերաբար բարձրաձայնվում են փակ սահմաններից և տարածաշրջանային համագործակցությունից մեկուսացման քաղաքականությունից բխող զարգացման մարտահրավերները։

2019թ․ դեկտեմբերի 12-ին Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ Գլխավոր ասամբլեան «Սպորտը զարգացման և խաղաղության համար» և «Խաղաղության մշակույթը» օրակարգի կետերի ներքո միաձայն ընդունեց «Շախմատի համաշխարհային օր» խորագրով բանաձև, որով հուլիսի 20-ը հռչակվում է որպես շախմատի համաշխարհային օր։ Բանաձևը, որը համահեղինակել են ՄԱԿ 53 անդամ պետություններ, ճանաչում է շախմատի ընձեռած հնարավորությունները Կայուն զարգացման 2030 Օրակարգի իրականացման, այդ թվում՝ կրթության զարգացման, կանանց և աղջիկների կարողությունների ամրապնդման, ներառականությանը, փոխըմբռնմանը և հարգանքին նպաստելու գործում։

Հայաստանում ՄԱԿ-ի հետ համագործակցության հիմքն է հանդիսանում ՄԱԿ Զարգացման աջակցության շրջանակը (UN Development Assistance Framework (UNDAF), որն ընդունվել է 2015թ. հուլիսի 31-ին 2016-2020թթ. ժամանակահատվածի համար։ Ներկայումս նախապատրաստվում է Հայաստան-ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթղթի ընդունումը՝ հաշվի առնելով Հայաստանի կարիքներն ու առաջնահերթությունները

Հայաստանում ակտիվորեն իրականացվում են Կայուն զարգացման նպատակների իրականացման հետ կապված գործընթացները: 2030 օրակարգի ազգայնացման նպատակով մշակվել է ճանապարհային քարտեզ, այնուհետև՝ Կայուն զարգացման նպատակների իրականացման Ազգային գործողությունների ծրագիր:

Մարդու իրավունքներ

ՀՀ հանդես է գալիս մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, խոցելի խմբերի՝ մասնավորապես երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև կանանց, ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու դիրքերից։ Հայաստանի կողմից ՄԱԿ-ում մշտապես բարձրաձայնվում են միջազգային հումանիտար իրավունքի ամրապնդմանը, քաղաքացիական բնակչության պաշտպանությանը, քաղաքացիական ենթակառուցվածքների՝ մասնավորապես՝ դպրոցների, կրթական հաստատությունների, կրոնի և պաշտամունքի վայրերի անհարկի ռազմականացմանն առնչվող հիմնախնդիրները։ Կարևոր նշանակություն է տրվում հակամարտությունների գոտիներ միջազգային և հումանիտար կառույցների անխափան մուտքի ապահովմանը։

ՄԱԿ շրջանակներում հետևողական կերպով բարձրաձայնվում է ցեղասպանության կանխարգելման թեման՝ այս համատեքստում անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը և ժխտողականության դեմ պայքարին։ Հայաստանի նախաձեռնությամբ 2015թ. Գլխավոր ասամբլեայի «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր» խորագրով 69/323 բանաձևի ընդունումը կարևոր հարթակ է ձևավորել Հայաստանի կողմից ցեղասպանության կանխարգելման, հիշատակի, կրթության, անպատժելիության և ժխտողականության դեմ պայքարի ու այլ առաջնայնությունների բարձրաձայնման համար։ Հայաստանի նախաձեռնությամբ Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ պարբերաբար բանաձևեր են ընդունվում ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում։

2019թ․ հոկտեմբերի 17-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստի ընթացքում կայացած ընտրությունների արդյունքում Հայաստանն առաջին անգամ ընտրվեց Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) անդամ՝ 2020-2022 թթ․ ժամանակահատվածի համար։ Փակ գաղտնի քվեարկության արդյունքում Հայաստանը, ստանալով 144 ձայն, ընտրվեց առաջին փուլով։ Ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընտրությունը վկայում է միջազգային հանրության կողմից Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական վերափոխումների և մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ու խրախուսման ոլորտում գրանցված նշանակալի առաջընթացի ճանաչման մասին։ Խորհրդին անդամակցության շրջանակներում գործադրվում են ջանքեր՝ ուղղված ցեղասպանության և զանգվածային ոճրագործությունների կանխարգելմանը, էթնիկ ու կրոնական խմբերին թիրախավորող այլատյացության հողի վրա հանցանքների դեմ պայքարին, կանանց և երիտասարդության իրավունքների պաշտապանությանը, խաղաղ ու ներառական հասարակությունների կայացմանը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: