• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ՆՅՈՒ ՅՈՐՔ

01 հոկտեմբերի, 2013

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանին հիմնական քննարկմանը մասնակցելու նպատակով սեպտեմբերի 25-29-ը Նյու Յորքում էր գտնվում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը:
Նալբանդյանը ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ի Հիմնական քննարկմանը, որի ընթացքում մասնավորապես նշել է, որ “…Հայաստանը մտահոգված է Սիրիայում վատթարացող մարդասիրական իրավիճակով: Փախստականների թիվը, որը Հայաստանը շարունակում է ընդունել, արդեն գերազանցում է տասը հազարը, բայց տասնյակ հազարավոր սիրիահայեր դեռևս մնում են այդ երկրում, որը նրանց երկրորդ հայրենիքն է դարձել 1915թ.-ի Ցեղասպանությունից հետո: Իրենց սիրիացի հայրենակիցների հետ միասին նրանք դժվարագույն պայմաններում պայքարում են գոյատևման համար”:

Նախարարը ողջունել է Անվտանգության խորհրդի կողմից միաձայն ընդունված 2118 բանաձևը, որը կարող է բերել Սիրայում քիմիական զենքի ոչնչացմանը և դրա օգտագործման բացառմանը ու ճանապարհ բացել սիրիական ճգնաժամի քաղաքական լուծման համար՝ վերջ դնելով Սիրիայի ժողովրդի տառապանքներին:”


Նա իր ելույթի մեկ այլ բաժնում նշել է, որ “….երեք ամիս առաջ՝ հունիսի 18-ին Էնիսկիլենում Մեծ ութնյակի գագաթաժողովի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, նախագահները նոր հայտարարություն տարածեցին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Հայաստանը ողջունեց այդ հայտարարությունը՝ նշելով, որ ինչպես համանախագահները, մենք շարունակում ենք վստահ լինել, որ վերջին հինգ տարիների ընթացքում եռանախագահող երկրների ղեկավարների համատեղ հայտարարություններում ամրագրված դրույթները կարող են հիմք հանդիսանալ հիմնախնդրի արդար և տևական խաղաղ կարգավորման համար: Մենք կիսում ենք համանախագահ երկրների տեսակետը, որ այդ դրույթները պետք է դիտարկվեն որպես մեկ ամբողջություն, և դրանցից որևիցե մեկին մյուսի նկատմամբ գերակայություն տալու որևէ փորձ անհնարին կդարձնի կարգավորման հասնելը: Միանգամայն համաձայն ենք, որ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության, այլ ոչ թե` պատերազմի: Ցավոք, մինչ այժմ Ադրբեջանի ղեկավարությունը ուղիղ հակառակն է անում, օրեցօր ավելացնում է ռազմատենչ, հակահայկական ու ատելություն սերմանող հռետորաբանությունը՝ դրա համար օգտագործելով նույնիսկ ՄԱԿ-ի բարձր ամբիոնը:

Մենք լիովին համաձայն ենք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի երեք մշտական անդամ երկրների ղեկավարների հետ, որ ուժի կիրառումը չի լուծի հակամարտությունը և միայն բանակցված կարգավորումը կարող է հանգեցնել խաղաղության և կայունության: Սակայն, լայն մասշտաբներով հարձակողական զենքի աննախադեպ կուտակումով Ադրբեջանը լրջորեն վտանգում է տարածաշրջանային և միջազգային անվտանգությունը՝ չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ հանդիսանալու հանգամանքին:

Ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանը բազմիցս հաստատել, և Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների Էնիսկիլենի կոչին ի պատասխան ևս մեկ անգամ վերահաստատել է իր հանձնառությունը միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման, և տարածքային ամբողջականության նկատմամբ։

Ադրբեջանը շարունակում է խեղաթյուրել 1993 թ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, որոնց առանցքային պահանջը ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումն ու երկարատև հրադադարի հաստատումն էր։ Ադրբեջանը ոչ միայն չկատարեց այդ պահանջը, այլև առավել ակտիվացրեց ագրեսիվ ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ՝ օգտագործելով տխրահռչակ ահաբեկչական կառույցների հետ սերտ կապ ունեցող վարձկանների։ Ուստի պատահական չէ, որ 1994թ. հրադադարի հաստատումից հետո, միջնոդները՝ Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամները, երբևիցե որևէ հղում չեն կատարել այդ բանաձևրեին։

Ադրբեջանը ձևացնում է, որ միջազգային հանրությունը կիսում է իր մոտեցումները և ինքը կիսում է միջազգային հանրության մոտեցումները; Իրականում, Արդբեջանը շարունակաբար մերժում է միջազգային հանրության մանդատն ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր առաջարկությունները։

Բաքուն մերժում է Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված Հիմնարար սկզբունքների բոլոր տարբերակները, այդ թվում՝ Կազանի (2011թ. հունիս), Սոչիի (2011թ. մարտ), Աստրախանի (2011թ. հոկտեմբեր) և Սանկտ Պետերբուրգի (2010թ. հունիս) գագաթաժողովներում ներկայացված առաջարկները։

Բաքուն մերժում է ոչ միայն այդ հիմնարար սկզբունքները, այլ նաև համանախագահների կողմից առաջարկված վստահության ամրապնդման միջոցները՝ հրադադարի ամրապնդման, շփման գծից դիպուկահարների դուրս բերման և հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ձևավորման վերաբերյալ:

Ադրբեջանը ոչ միայն խոչընդոտում է վստահության ամրապնդման քայլերի իրականացմանը, այլև պարբերաբար սադրանքներ է կազմակերպում Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին, որոնք հանգեցնում են նորանոր զոհերի:

Գլխավոր ասամբլեայի նախորդ նստաշրջանին ես խոսեցի Ադրբեջանի ղեկավարության կողմից մարդասպան Սաֆարովի ազատ արձակման և հերոսացման մասին, որը խստորեն դատապարտվեց ողջ միջազգային հանրության, այդ թվում նաև ` ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների մարդու իրավունքների հանձնաժողովների կողմից: Նույնիսկ այսօր՝ դրանից ավելի քան մեկ տարի անց, Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է պնդել, որ այն իչն-որ արվել է շատ ճիշտ է արվել և հանդգնում է քննադատել միջազգային հանրության դիրքորոշումը: Դա ցույց է տալիս Ադրբեջանի ղեկավարության և միջազգային հանրության ընկալումների միջև խորացող անդունդնը:

Վերջերս ադրբեջանական ղեկավարությունը պետական մակարդակով օստրակիզմի ենթարկեց ադրբեջանցի անվանի գրող Այլիսլիին` պատմվածք հրատարակելու համար, որում նա խոսում է Բաքվում, Սումգայիթում և Ադրբեջանի այլ մասերում հայերի ջարդերի մասին: Նրա գրքերը հրապարակայնորեն այրվեցին, և գրողը, կյանքի սպառնալիքներ ստանալով, ստիպված էր լքել երկիրը:

Անցյալ շաբաթ Ադրբեջանի ղեկավարությունը մեկ անգամ ևս Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ նոր սպառնալիքներով հանդես եկավ՝ պահանջներ ներկայացնելով հայկական տարածքների, ներառյալ՝ երեք հազարամյա մայրաքաղաք Երևանի նկատմամբ:

Չնայած Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշմանը՝ Հայաստանը կշարունակի իր ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ բացառապես խաղաղ միջոցներով կարգավորման ուղղությամբ՝ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ արտացոլված նպատակների, սկզբունքների և նորմերի, համանախագահ երկրների նախագահների Լ’Աքվիլայի, Մուսկոկայի, Դովիլի, Լոս Կաբոսի և Էնիսկիլենի հայտարարությունների դրույթների հիման վրա:”

Նախարարն անդրադարձ է կատարել այս տարվա մարտին Մարդու իրավունքների խորհուրդը կողմից միաձայն ընդունված «Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևին», որը նախաձեռնել էր Հայաստանը և ավելի քան 60 երկրների համահեղիանակությամբ, նշելով որ “…Ցեղասպանության ճանաչումը, դատապարտումը և կանխարգելումը շարունակում են առաջնահերթություն հանդիսանալ Հայաստանի համար։ Մենք անհրաժեշտ քայլեր կնախաձեռնենք՝ ուղղված ցեղասպանության հանցագործության նոր դրսևորումների կանխմանը, միաժամանակ առաջնային նշանակություն տալով մարդկության դեմ հանցագործությունների համար պատասխանատվության և ժխտողականության հարցերին:

Որպես քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ` Հայաստանն աներկբա ողջունում է ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից արտահայտված հստակ դիրքորոշումը՝ բացառելու որևէ անձեռնմխելիության կամ ներման հնարավորություն մարդկության դեմ հանցագործություն կատարողների համար”:

ՀՀ ԱԳ նախարարը խոսել է նաև Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում ՀՀ նախագահության մասին նշելով որ ԵԽ-ն “… որպես տարածաշրջանային կազմակերպություն հանդիսանում է ՄԱԿ-ի կարևորագույն գործընկերը հիմնարար ազատությունների, մարդու իրավունքների պաշտպանության և խաղաղությանն ու անվտանգությանն ուղղված շարունակական ջանքերում:

Երկու կազմակերպությունների միջև համագործակցությունն ամուր հիմքերի վրա է այլատյացության, անհանդուրժողականության, ատելության սերմանման դեմ պայքարում: Այս խնդիրները նաև Եվրախորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության առաջնահերթություններից են, դրանք կարևորագույն խնդիրներ են թե՛ ՄԱԿ-ի, թե՛ Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունների համար”-, նշել է Նախարար Նալբանդյանը:
Իր այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին: Վերջինս բարձր է գնահատել Հայաստանի դիվանագիտության ակտիվ ներգրավվածությունը միջազգային բազմակողմ գործընթացներում։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել սիրիական ճգնաժամի, դրա հետևանքով փախստականների արտահոսքի վերաբերյալ։ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը հյուրընկալել է տաս հազարից ավել սիրիահայերի, իսկ Սիրիայի ժողովրդի անբաժանելի մասը կազմող տասնյակ հազարավոր սիրիահայեր շարունակում են ապրել ճգնաժամի պայմաններում։
Հայաստանի արտգործնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել են սեպտեմբերի 27-ին Անվտանգության խորհրդում սիրիական քիմիական զենքի վերաբերյալ միաձայն ընդունված բանաձևը և կարևորեցին հակամարտության քաղաքական կարգավորմանն ուղղված ջանքերի շարունակումը։
Էդվարդ Նալբանդյանն ու Բան Կի-մունը անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացին։ Նախարար Նալբանդյանը ներկայացրեց հակամարտության խաղաղ հանգուցալուծմանն ուղղված Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը։
Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության համատեքստում նախարար Նալբանդյանը նշել է, որ ՄԱԿ-ը և Եվրոպայի խորհուրդը հանդիսանում են առանցքային գործընկերներ մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների պաշտպանության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ պայքարում, որոնք համաեվրոպական այդ կառույցում Հայաստանի նախագահության առաջնայնություններից են։
Անդրադառնալով ՄԱԿ-ի բարեփոխումների գործընթացին՝ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը սատարում է ՄԱԿ-ի ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը:

Նյու Յորքում Էդվարդ Նալբանդյանն ունեցել է նաև մի շարք աշխատանքային հանդիպումներ ՄԱԿ-ի անդամ պետությունների իր գործընկերների հետ` ներառյալ քննարկումներ Ադրբեջանի ԱԳ նախարարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի բարձր ներկայացուցչի և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատարի հետ:
Նալբանդյանն իր այցի շրջանակում ստորագրել է «Միգրանտ աշխատողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության մասին միջազգային կոնվենցիան»։
Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահության շրջանակներում Նյու–Յորքում տեղի է ունեցել նաև ՍՏԾՀ անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, որը վարում էր կազմակերպությունը նախագահող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: