• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՄԱԿ-ում Հայաստանի Մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի հարցազրույցը ԱՄՆ Արևելյան ափում գործող հայկական «Արձագանք» հեռուստաընկերությանը

05 նոյեմբերի, 2019
ՄԱԿ-ում Հայաստանի Մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի հարցազրույցը ԱՄՆ Արևելյան ափում գործող հայկական «Արձագանք» հեռուստաընկերությանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

17 հոկտեմբերի, 2019թ.

Արա Մանուկյան- հարց․ Պարոն դեսպան, թույլ տվեք նախ շնորհակալություն հայտնել Ձեր բազմազբաղ ժամանակից մեզ ժամանակ տրամադրելու համար։ Շնորհավորում եմ Ձեզ Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի ընտրվելու կապակցությամբ։ Ամենամեծ թվով ձայները հավաքեցիք՝ 144 ձայն, ինչի համար շնորհավորում եմ։ Դա շատ մեծ առավելություն է, և, եթե չեմ սխալվում Հայաստանն առաջին անգամ այդ պատվին արժանացավ։ Եթե կարելի է, խնդրեմ, մի փոքր այդ մասին խոսենք։

Մհեր Մարգարյան․ Շնորհակալություն, Արա։ Իսկապես այսօր շատ ուրախալի օր է մեզ համար, որովհետև երկար ընտրարշավի արդյունքում Հայաստանը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ընտրություններում, փակ գաղտնի քվեարկությամբ հավաքելով 144 ձայն, ընտրվեց ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի անդամ։ Սա մեծ իրադարձություն է ու նաև վկայություն միջազգային հանրության կողմից Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական զարգացումների գնահատանքի։ Այս քվեարկությունն ապացուցում է, որ միջազգային հանրությունը գնահատում է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության առումով մեր երկրի գրանցած առաջընթացը։
Արևելաեվրոպական տարածաշրջանային խմբում ընտրությունները մրցակցային էին։ ՄԱԿ-ում, ինչպես հայտնի է, երկրները բաժանվում են, ըստ տարածաշրջանային խմբերի, և որոշակի խմբերին հատկացվում են թափուր տեղեր այս կամ այն մարմնում ընտրության համար։ Մարդու իրավունքների խորհրդի այս տարվա ընտրությունների համար մեր՝ արևելաեվրոպական տարածաշրջանային խմբին հատկացված էր երկու թափուր տեղ և ներկայացված էին երեք երկիր՝ Հայաստանը, Լեհաստանն ու Մոլդովան։ Մեկը Եվրամիության անդամ երկիր՝ իր կարողություններով և իր հստակ աջակցությունն ունեցող խմբով, մյուսը նույնպես հեղինակավոր երկիր ու Եվրամիության ասոցացված գործընկեր երկիր։ Մրցակցությունը բավական լարված էր, սակայն Արտաքին գործերի նախարարության համակարգմամբ թե՛ Մշտական ներկայացուցչությունը Նյու Յորքում և թե՛ Հայաստանի այլ դիվանագիտական ներկայացուցչություններն արտերկրում թիրախավորված ու համակարգված աշխատանք էին կատարել՝ ներկայացնելու այն առաջընթացը, որը Հայաստանն ունի մարդու իրավունքների խրախուսման առումով և անդամ պետություններին վստահեցնելու, որ Հայաստանն, ընտրվելով Մարդու իրավունքների խորհրդի կազմում, կանի առավելագույնը նաև իր ներդրումն ունենալու միջազգային հարթակում մարդու իրավունքների խրախուսմանը։
Ինչպես գիտեք, Մարդու իրավունքների խորհրդի կենտրոնակայանը գտնվում է Ժնևում և մեր անդամակցությունը սկսվում է 2020 թվականից, և ունենք մի շարք առաջնահերթություններ։

Հարց․ Քանի որ նշեցիք, որ գտնվում է Ժնևում, ինչպե՞ս եք համատեղելու աշխատանքը Ժնևում և Նյու Յորքում։
Պատասխան․ Նյու Յորքում տեղի ունեցան ընտրությունները, իսկ աշխատանքներն արդեն կհամակարգի Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը, և այնտեղի թիմն աշխատելու է ամենօրյա ռեժիմով։
Հարց․ Պարոն դեսպան, ես գիտեմ, որ դուք նաև Կանանց կարգավիճակի հանձնաժողովի նախագահն եք և մյուս տարվանից ղեկավարելու եք այն։ Այդ մասին ի՞նչ կխոսեիք։

Մհեր Մարգարյան. Այո, Հայաստանը Կանանց կարգավիճակի հանձնաժողովի անդամ է, և այս տարվա մարտին՝ որպես Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, ես ընտրվեցի հանձնաժողովի նախագահ։
Հանձնաժողովը 45 անդամ երկրներից կազմված մարմին է, ՄԱԿ-ի համակարգում այն հիմնական կառուցը, որը զբաղվում է կանանց իրավունքների պաշտպանության, նրանց դերի առաջխաղացման, կանանց նկատմամբ խտրականության վերացման հարցերով։ Առաջիկայում՝ մյուս տարի, տեղի է ունենալու Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 64-րդ նստաշրջանը։ Շատ կարևոր տարեդարձ է նաև, որը համընկնում է Պեկինի գործողությունների ծրագրի 25-ամյակի հետ։ Այն իր մեջ ներառում է կանանց առաջխաղացման մի շարք ոլորտներ: Առաջիկայում պատրաստվում ենք նաև այդ գործառույթներին։
Կանանց կարգավիճակի հանձնաժողովում Հայաստանի անդամակցելը կարևորվում է նաև նրանով, որ Հայաստանի կառավարությունը շատ մեծ նշանակություն է տալիս կանանց իրավունքների առաջ մղմանը։ Ինչպես վարչապետը տարբեր առիթներով նշել է, կանայք զգալի դերակատարություն են ունեցել 2018թ. մայիսին Հայաստանում տեղի ունեցած վերափոխումների, Թավշյա հեղափոխության գործում։ Հայաստանում՝ որպես ավանդական երկիր, նաև որոշակի կարծրատիպեր կան և՛ կանանց, և՛ աղջիկների հանդեպ։ Մեր անդամակցությունը Կանանց կարգավիճակի հանձնաժողովին ու այդ հանաձնաժողովի նախագահությունը պետք է հնարավորինս օգտագործենք ոչ միայն միջազգային շրջանակներում, այլև մեր երկրում ևս այդ հարցերի մասին խոսելու համար ու ՄԱԿ և առանձին երկրների հետ համագործակցությամբ նպաստենք Հայաստանում կանանց և աղջիկների առաջխաղացմանը տարբեր ոլորտներում՝ սկսած քաղաքական կյանքին իրենց մասնակցությունից, վերջացրած տնտեսական ու նաև զինվորական ծառայության ոլորտում իրենց ավելի լայն ներգրավմամբ։

Հարց․ Սա մեր ուրախալի նվաճումներն են՝ ձեր թիմով ու ղեկավարությամբ և իհարկե, Հայաստանից ուղղորդմամբ, ինչը շատ ողջունելի է։ Ինչպես գիտեք, մենք ունենք նաև շատ լուրջ խնդիրներ, հատկապես հայության հետ կապված։ Գիտենք, որ երեկ դուք հանդիպել եք Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի տեղակալ, պարոն Մարկ Լոուքոքի հետ և քննարկել մեր հայ իրականության շատ կարևոր խնդիրներից մեկը՝ Սիրիայի ու սիրիահայության հարցերը, Թուրքիայի հարձակումը Սիրիայի քրդերի վրա։ Դրանից տուժում են նաև մեր հայկական համայնքի ներկայացուցիչները, կան զոհեր և նաև տեղահանման հետ կապված լուրջ խնդիրներ։ Եթե կարելի է, խնդրում եմ ներկայացրեք ձեր հանդիպումը․ ի՞նչ օգնություն կարող է լինել Միավորված ազգերի կազմակերպության կողմից։

Պատասխան․ Շնորհակալություն այդ հարցի համար։ Իսկապես, սա մի խնդիր է, որը Հայաստանում և մեր հասարակության մեջ մեծ զգայունություն ունի, քանի որ մեկ շաբաթից ավելի է, ինչ ռազմական գործողություններ են տեղի ունենում Սիրիայի հյուսիս-արևելյան շրջաններում։ Վստահ եմ՝ ծանոթացել եք նաև Արտաքին գործերի նախարարության հրապարակած հայտարարությանը, որով դատապարտվել էր Թուրքիայի նման գործողությունները։ ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալի հետ իմ հանդիպման նպատակը Հայաստանի Հանրապետության մտահոգությունների ներկայացնելն էր հումանիտար ճգնաժամի համատեքստում։ Մենք՝ որպես մի ժողովուրդ, որն անցյալ դարում ունեցել է ցեղասպանություն այդ նույն տարածքներում, շատ լավ գիտակցում ենք նաև տեղի բնակչության դժվարությունները, հատկապես հայ բնակչության, որը, ինչպես գիտեք, կենտրոնացված է Կամիշլի քաղաքում և շրջանում։ Նպատակն էր՝ հայտնել Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը՝ հումանիտար աջակցություն ցուցաբերելու այդ տարածաշրջանի բնակչությանը, անկախ ազգային կամ կրոնական պատկանելությունից։
Հանդիպման արդյունքում որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերվեցին համակարգելու մեր ջանքերը նաև ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի հետ։ Բավական դրական արձագանք ստացավ Հայաստանի կառավարության պատրաստակամությունը՝ աջակցություն ցուցաբերելու Սիրիայի այդ հատվածի ժողովրդին։

Հարց․ Ե՛վ Հայաստանի կառավարությունը, և՛ Ամենայն հայոց կաթողիկոսը, առաջադեմ աշխարհը արձագանքեցին։ ԱՄՆ պետք է պատժամիջոցներ գործադրի, որովհետև այսօր՝ 21-րդ դարում նորից կարծես ցեղասպանություն է տեղի ունենում այս անգամ քրդերի նկատմամբ, որից տուժում են նաև այնտեղ ապրող շատ այլ ազգեր։

Պատասխան․ Անկախ քաղաքական և այլ նկատառումնեից, մեր նպատակն է՝ բարձրացնել հումանիտար իրադրության հարցը, քանի որ այդ գործողությունների շնորհիվ դռների հետևում տարբեր պայմանավորվածությունների արդյունքում, տուժում են խաղաղ բնակիչները։ Մենք ուզում ենք առաջին հերթին որոշակիորեն օգտակար լինել և աջակցել այդ բնակչությանը։

Հարց․ Պարոն դեսպան, գուցե այս հարցը Ձեր կտրվածքով չէ, բայց ամեն դեպքում՝ որպես Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, կուզենայի Ձեր կարծիքը լսել։ Եթե հնարավորություն լինի Հայաստան տեղափոխելու սիրիահայերին, ինչպիսի՞ հնարավորություններ ունի այսօր Հայաստանի Հանրապետությունը։

Պատասխան․ Գիտեք, Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ գտնվում են մոտ քսաներկու հազար սիրիահայեր։ Կառավարությունը հնարավորին միջոցներ է ձեռնարկել, որպեսզի նրանց համար կեցություն, աշխատանք, ուսուցում և այլն ապահովի։ Բնական է, որ Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է, սակայն ներկա իրավիճակում մեր կողմից աջակցություն տրամադրելը նաև նպատակ ունի, որպեսզի այդ մարդիկ իրենց տները չթողնեն ու հեռանան իրենց բնակավայրերից, որտեղ ամբողջ կյանքի ընթացքում ապրել են։
Այս պահին այդպիսի հրատապության առկայության մասին առնվազն ինձ հայտնի չէ։ Սակայն, ինչպես նշեցի, Հայաստանը ցանկացած հայի հայրենիքն է ու եթե այնպիսի իրավիճակ լինի, որ իրենց հետագա բնակությունը որևիցե վայրում այլևս հնարավոր չլինի, Հայաստանը միշտ պատրաստ է իր հնարավորությունների սահմաններում աջակցություն տրամադրել։

Հարց․ Պարոն դեսպան, Արցախի խնդրի համատեքստում կուզենայի իմանալ՝ ինչպե՞ս է անդրադառնում Միավորված ազգերի կազմակերպությունում Ձեր աշխատանքը տվյալ դեպքում Ադրբեջանի մշտական ներկայացուցչության հետ, հատկապես վերջին շրջանում Ադրբեջանի նախագահ Ալիևի ռազմատենչ հայտարարություններից հետո։ Դուք՝ որպես գործընկերներ, ինչպե՞ս եք շփվում միմյանց հետ։

Մհեր Մարգարյան․ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները տեղ են գտնում նաև ՄԱԿ շրջանակներում։ Տարբեր հանդիպումների ու ժողովների ընթացքում իրենց կողմից բարձրաձայնվում է արդեն հայտնի ռազմատենչ հռետորաբանությունը։ Բնականաբար, մենք պատասխանում ենք և ներկայացնում մեր տեսակետը, որը համընկնում է միջազգային հանրության մոտեցման հետ ու արտացոլված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում։ Ադրբեջանը պարբերաբար փորձում է տարբեր կառույցներում ԼՂ խնդիրն իրենց մոտեցմամբ ներկայացնել։ Սակայն, ինչպես գիտեք, Լեռնային Ղարաբաղի հակամարտութան կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի եռանախագահության՝ Միացյալ Նահանգների, ՌԴ և Ֆրանսիայի միջնորդությամբ և ցանկացած այլ կառույցներ խնդիրը տեղափոխելու Ադրբեջանի փորձերը միայն բացասական հետևանքներ են ունենում գործընթացը կառուցողական ուղիով տանելու համար։

Հարց․ Պարոն դեսպան, ես, ըստ էության, ներկայացնում եմ նաև սփյուռքահայությանը։ Գիտեմ, որ Ձեր կտրվածքով չէ այդ հարցը, բայց, օգտվելով առիթից, կուզենայի հարցնել՝ ի՞նչ հնարավորություններ է ընձեռում Հայաստանի ներդրումային քաղաքականությունը Հայաստանի տնտեսական կյանքում Սփյուռքն ավելի ներգրավելու համար։

Մհեր Մարգարյան․ Կառավարությունը և վարչապետը քանիցս նշել են, որ 2018թ․ Թավշյա հեղափոխության բերած քաղաքական վերափոխումներին պետք է հաջորդի տնտեսական առաջընթացը։ Այդ նպատակով Կառավարությունն արդեն իսկ բավականին հավակնոտ ծրագրեր է մշակել։ Հայաստանի հիմնական կապիտալը մարդկային կապիտալն է։ Կառավարությունը հայտարարել է, որ պատրաստ է աջակցել ցանկացած գործարարի, որը պատրաստվում է ներդրումներ ունենալ Հայաստանում ու գործել իրավական դաշտում, անկախ ծավալից և գործունեության ոլորտից։ Միակ պահանջը, որ ներկայացվում է, օրինականության շրջանակներում գործելն է և հարկեր վճարելը։ Այդ առումով Հայաստանը հիմա գտնվում է աննախադեպ իրավիճակում, որը, կարծում եմ՝ մեր բազմաթիվ քաղաքացիներին ու հայրենակիցներին արտերկրում արդեն իսկ քաջ հայտնի է։ Դա պետք է հանդիսանա՝ որպես խրախուսանք, որպեսզի իրենք գան Հայաստան, կատարեն ներդրումներ և ծավալեն գործունեություն այն ազատ մթնոլորտում, որը տիրում է Հայաստանում հիմա նաև տնտեսական դաշտում։

Արա Մանուկյան․ Եզրափակելով մեր զրույցը՝ նորից ուզում եմ անդրադառնալ 2020-2022թթ. ժամանակահատվածի համար Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի ընտրության հարցում ձեր գործունեությանը, շնորհավորել Ձեզ, պարոն դեսպան, և ձեր թիմակիցներին քրտնաջան աշխատանքի համար։ Շարունակե՛ք նոր հաջողություններ նվաճել։

Մհեր Մարգարյան․ Շնորհակալություն։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: