• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

2021թ. ընթացքում ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության հիմնական գործունեության ամփոփում

31 դեկտեմբերի, 2021

Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը 2021թ. շարունակեց իր ներգրավվածությունը ՄԱԿ համակարգի, անդամ երկրների և այլ գործընկերների հետ՝ ՄԱԿ-ի հիմնական և օժանդակ մարմիններում ներկայացնելով Հայաստանի առաջնայնությունները և մոտեցումները միջազգային խաղաղության և անվտանգության, զինաթափման, կայուն զարգացման ու մարդու իրավունքների, ցեղասպանությունների կանխարգելման, կանանց առաջխաղացման, կլիմայի փոփոխության, առողջապահության և այլ ոլորտներում։

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածը տեղի ունեցավ սեպտեմբերի 20-ից 28-ը, և Covid-19 համավարակի պայմաններում անցավ հիբրիդային ձևաչափով։ Ֆիզիկական ներկայությամբ և նախապես տեսագրված ելույթներ ունեցան մոտ 150 երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարներ։ Սեպտեմբերի 24-ին տեսագրված ուղերձով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ՀՀ պատվիրակությունը ղեկավարում էր Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ով ՄԱԿ ԳԱ բարձրաստիճան հատվածի շրջանակներում ունեցավ մոտ երեք տասնյակ հանդիպում մի շարք անդամ պետությունների ԱԳ նախարարների, միջազգային կառույցների ղեկավարների և ՄԱԿ պաշտոնյաների հետ։ Արարատ Միրոզոյանի և ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի միջև հանդիպմանը երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է Հայաստանի և ՄԱԿ-ի տարբեր մասնագիտացված կառույցների միջև առկա արդյունավետ համագործակցությունը։ ՀՀ ԱԳ նախարարը ու ՄԱԿ֊ի գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի շուրջ։ ԱԳ նախարարի հանդիպումներ են տեղի ունեցել նաև Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ա. Վ. Նդերիտուի, ՄԱԿ Գլխավոր քարտուղարի քաղաքական և խաղաղաշինության հարցերով տեղակալ Ռ. Դիկարլոյի, ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի բարձր հանձնակատար Մ. Ա. Մորատինոսի, ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆ. Գրանդիի հետ։

ՄԱԿ-ի շրջանակներում Հայաստանը շարունակել է նպաստել արդյունավետ և պատասխանատու բազմակողմանիության առաջխաղացմանը՝ առկա և առաջացող սպառնալիքների, այդ թվում՝ COVID-19 համաճարակի և գլոբալ մարտահրավերների աննախադեպ պայմաններում՝ այդ թվում՝ ՄԱԿ-ի տարբեր ձևաչափերում և հարթակներում ղեկավար դերեր ստանձնելու միջոցով:

2021թ․ ՀՀ մշտական ներկայացուցիչ Մ․ Մարգարյանը երկրորդ հաջորդական տարին նախագահեց ՄԱԿ Կանանց կարգավիճակի հանձնաժողովը, որի 65-րդ նստաշրջանը անցկացվեց մարտի 15-ից 26-ը։ Հանձնաժողովը կանանց իրավունքների, գենդերային հավասարության և կանանց առաջխաղացմանն առնչվող ոլորտներում քաղաքականություն մշակող հիմնական միջկառավարական մարմինն է։ Նստաշրջանի քննարկման առաջնային թեման էր՝ «Կանանց լիարժեք և արդյունավետ մասնակցությունը և որոշումների ընդունումը հանրային կյանքում, ինչպես նաև բռնութան վերացումը գենդերային հավաարության հասնելու և բոլոր կանանց ու աղջիկների առաջխաղացման համար»։

Հանձնաժողովի աշխատանքներն ավարտվեցին մարտի 26-ին Համաձայնեցված եզրակացությունների միաձայն ընդունմամբ, որոնք սահմանում են խորհրդատվություններ և առաջարկներ հանրային կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում՝ պետական իշխանության մարմիններում կանանց լիարժեք և հավասար մասնակցությանն ուղղված հստակ միջոցառումներով։ Փաստաթուղթը նաև ամրագրում է  խաղաղության գործընթացներին կանանց ներգրավման կարևորությունը, ինչպես նաև՝ կանանց և աղջիկների հանդեպ բռնության բոլոր ձևերի կանխարգելման ու վերացման առաջարկություններ։

 2021թ. հունիսին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը Գլխավոր ասամբլեայի կողմից միաձայն ընտրվեց ՄԱԿ ԳԱ վեց հիմնական կոմիտեներից մեկի՝ Վարչական և բյուջետային կոմիտեի նախագահ։ Կոմիտեն ընդունում է ՄԱԿ հիմնական բյուջեն և խաղաղապահ առաքելությունների բյուջեները, ինչպես նաև կանոնակարգում մարդկային ռեսուրսների և կազմակերպության կառավարման հարցերը։ Որպես Հինգերորդ կոմիտեի նախագահ՝ ՀՀ մշտական ներկայացուցիչն առաջնայնություն է տվել ՄԱԿ-ի մանդատների կայուն և համաչափ ֆինանսավորմանը՝ ապահովեու համար կազմակերպության կարողությունը` կանխարգելելու և արձագանքելու փոփոխվող մարտահրավերներին և այն ավելի համահունչ ու նպատակներին միտված դարձնելու։

Հայկական պատվիրակության և բյուրոյի անդամների ակտիվ ներգրավվածության շնորհիվ կոմիտեն հաջողությամբ ավարտեց իր հիմնական նստաշրջանը՝ դեկտեմբերի 23-ին ընդունելով կազմակերպության 2022թ. բյուջեն։ ՀՀ մշտական ներկայացուցչի նախագահությամբ կոմիտեի կողմից ընդունվեցին նաև ՄԱԿ-ի ֆինանսական ու վարչական ոլորտները կանոնակարգող մի շարք այլ բանաձևեր, այդ թվում՝ ՄԱԿ անդամավճարների սանդղակը, որով սահմանվում են կազմակերպության 193 անդամ պետությունների կողմից ՄԱԿ բյուջեին տարեկան վճարումների չափերը։

Բյուջեի և հարակից այլ բանաձևերի ժամանակին ընդունումը կենսական նշանակություն ունի ՄԱԿ անխափան գործունեության համար և հնարավորություն է տալիս ապահովել կազմակերպության կողմից անհրաժեշտ ֆինանսական և մարդկային ռեսուրսների պատշաճ տնօրինումը։

Կոմիտեի օրակարգում ներառված՝ ՄԱԿ ֆինանսական կացությանը և մարդկային ռեսուրսների կառավարմանը, ինչպես նաև ՄԱԿ խաղաղապահ առաքելությունների ֆինանսավորմանը վերաբերող հարցերը քննարկվելու են Կոմիտեի առաջին և երկրորդ վերսկսված նստաշրջանների ընթացքում՝ համապատասխանաբար՝ 2022թ․ մարտ և մայիս-հունիս ամիսներին։

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում և կոմիտեներում, Անվտանգության խորհրդում և Տնտսոցխորհում ՀՀ մշտական ներկայացուցչությունը 2021թ․ հանդես է եկել մի շարք ելույթներով՝ ներկայացնելով հայկական կողմի մոտեցումները  միջազգային խաղաղության և անվտանգության, զինված հակամարտություններում քաղաքացիական բնակչության պաշտպանության, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի, ցեղասպանության կանխարգելման, ռասիզմի և այլատյացության դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, կանանց առաջխաղացման և կայուն զարգացման վերաբերյալ։

 ՀՀ ներգրավվածությունը ՄԱԿ Անվտանգության խորհրդում

ՀՀ մշտական ներկայացուցչությունը հետևողական կերպով ՄԱԿ կառույցներին և անդամ պետություններին է ներկայացրել 2020թ. աշնանը Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի և դրա հետևանքների, մասնավորապես Արցախի բնաչության հումանիտար աջակցության, հայ ռազմագերիների վերադարձի, հայկական կրոնական և մշակութային ժառանգության պահպանության և 2021թ․ ՀՀ պետական սահմանի երկայնքով Ադրբեջանի ռազմական սադրանքներին առնչվող խնդիրները։

 Անվտանգության խորհրդի թեմատիկ բաց հանդիպումներ, պաշտոնական հաղորդակցություն

  • «ՄԱԿ-ի կանոնադրության հավաքական անվտանգության համակարգի պահպանումը․ ուժի կիրառումը միջազգային իրավունքում, ոչ պետական դերակատարներ և իրավաչափ ինքնապաշտպանություն» խորագրով ՄԱԿ Անվտանգության խորհրդի շրջանակներում կայացած հանդիպմանը Հայաստանի մշտական ներկայացուցիչը հղում անելով 2020թ․ սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի զինված ագրեսիան նշեց, որ ՄԱԿ-ի կանոնադրությունում կամ ընդհանուր միջազգային իրավունքում ոչինչ չի կարող արդարացնել ինքնապաշտպանության հայեցակարգի չարաշահման և խեղաթյուրման դեպքերը որպես ռազմական գործողությունների արդարացում։
  • Զինված հակամարտություններում քաղաքացիական բնակչության և կենսական նշանակություն ունեցող օբյեկտների պաշտպանության թեմայով Անվտանգության խորհրդի նիստին իր ելույթում ՀՀ մշտական ներկայացուցիչն անդրադարձավ Արցախի նկատմամբ ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից քաղաքացիական օբյեկտների՝ բնակելի շենքերի, կենսական ենթակառուցվածքների կանխամտածված թիրախավորմանը՝ դատապարտելով Ադրբեջանի փորձերը քաղաքականացնել և գործիք դարձնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի միջազգային հումնաիտար աջակցության և ՄԱԿ-ի գործակալությունների մուտքի հարցը, ինչը հակասում է հիմնարար հումանիտար սկզբունքներին:
  • Ահաբեկչության և բռնի ծայրահեղականության կանխարգելման և դրա դեմ պայքարում միջազգային ջանքերի վրա COVID-19 պանդեմիայի ներգործության թեմայով ԱԽ քննարկմանն իր ելույթում ՀՀ մշտական ներկայացուցիչն անդրադարձ կատարեց Ադրբեջանի կողմից Արցախի դեմ լայնածավալ ագրեսիայի ընթացքում հազարավոր օտարերկրյա վարձկան ահաբեկիչների ներգրավմանը, ինչը հաստատվել է մի շարք երկրների և անկախ փորձագետների զեկույցներով։
  • ՀՀ մշտական ներկայացուցիչը ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահին և Գլխավոր քարտուղարին հասցեագրված նամակներում ԱԽ անդամների ուշադրությանն է ներկայացրել Ադրբեջանի կողմից շարունակվող ռազմական հարձակումները Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ, որոնք զուգորդվում են ամենաբարձր մակարդակով հնչող տարածքային պահանջներով, ռազմական գործողությունների սպառնալիքով, ազգային պատկանելության հողի վրա ատելության խոսքով։
  • Պաշտպանելու պատասխանատվության, ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցանքների և պատերազմական հանցագործությունների կանխարգելման թեմային նվիրված ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի մայիսի 17-ի նիստին  դեպան Մարգարյանը կարևորեց ատելության խոսքի, այդ թվում՝ անցյալում տեղի ունեցած ոճրագործությունների ժխտման, արդարացման և փառաբանման հակազդման ու ռասիզմի և խտրականության դեմ պայքարի կարևորությունը։ Նշվեց, որ Հայաստանը, որի ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի սկզբին իրականացված ցեղասպանության արհավիրքները, շարունակելու է բարձրաձայնել ոճրագործություններին հանգեցնող իրավիճակները կանխարգելելու հրամայականը։

Զինաթափման և միջազգային անվտանգության կոմիտեի (Առաջին կոմիտե) ընդհանուր քննարկմանը ՀՀ պատվիրակությունը կարևորեց չտարածման, զինաթափման, սովորական սպառազինությունների վերահսկման և վստահության ու անվտանգության ամրապնդման միջոցառումների ոլորտներում միջազգային պարտավորությունների լիարժեք և համապարփակ իրականացումը և Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի ու Վիեննայի փաստաթղթի առանցքային դրույթների խախտումներին և միջազգային կառույցների պատշաճ արձագանքի անհրաժեշտությունը։

Տնտեսական և ֆինանսական կոմիտեի (Երկրորդ կոմիտե) ընդհանուր քննարկմանը ՀՀ պատվիրակության կողմից ընդգծվեց դեպի ծով ելք չունեցող և տարանցիկ երկրների միջև արդյունավետ համագործակցության կարևորությունը և նշվեց, որ ռազմատենչ սադրիչ հռետորաբանությունը, ինչպես օրինակ` որոշ երկրների կողմից «միջանցքներ» ստեղծելու նպատակով ուժի կիրառման սպառնալիքներն ի ցույց են դնում ցամաքային շրջափակման քաղաքականության շարունակումը՝ խոչընդոտելով տարածաշրջանային կայունությանը և խաղաղությանը։

Սոցիալական, հումանիտար և մշակութային հարցերի կոմիտեի (Երրորդ կոմիտե) ընդհանուր քննարկմանը ՀՀ դեսպանի կողմից անդրադարձ է արվել Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման ու պաշտպանության, ինքնորոշման իրավունքի իրականացման կարևորությանը` շեշտելով, որ ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին և Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրերի համաձայն ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հանդիսանում է մարդու իրավունքների միջազգային իրավակարգի հիմնարար սկզբունք։

Իրավական հարցերի կոմիտեում (Վեցերորդ կոմիտե) ՀՀ պատվիրակությունն անդրադարձել է ծայրահեղականության և ահաբեկիչների հավաքագրման համար պարարտ պայմաններ ստեղծող ատելության խոսքի և այլատյացության աճին։ Հայկական կողմը նաև կարևորել է կոմիտեի շրջանակներում՝ Մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման և դրա համար պատժի մասին նոր կոնվենցիա մշակելու գործընթացը։

ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի՝ Ռասիզմի, այլատյացության և խտրականության դեմ պայքարին նվիրված հատուկ հանդիպմանն իր ելույթում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն, անդրադառնալով համաշխարհային առողջապահական ճգնաժամի պայմաններում ԼՂ ժողովրդի դեմ Ադրբեջանի նախապես ծրագրված ագրեսիային և ռազմական հանցագործություններին, հիշատակել է զանգվածային ոճրագործությունների, հայկական քրիստոնեական ժառանգության ոչնչացման և սրբապղծման բազմաթիվ դեպքերը։

2021թ. ընթացքում Հայաստանը շարունակեց ակտիվ համագործակցությունը ՄԱԿ-ի Զարգացման համակարգի հետ մի շարք ոլորտներում, ինչը դրսևորվեց նաև 2021թ. հունիսի 1-ին Հայաստանի համար ՄԱԿ-ի Կայուն զարգացման գործընկերության 2021-2025 թվականների շրջանակային փաստաթղթի ստորագրմամբ։ Դրան հաջորդեց ՄԱԶԾ, ՄԱԿ Բնակչության հիմնադրամի և ՄԱԿ Մանկական հիմնադրամի Հայաստանի համար 2021-2025թթ. ծրագրային փաստաթղթերի ընդունումը, որոնք հաշվի էին առնում Հայաստանի առջև ծառացած զարգացման բարդ մարտահրավերները և հիմնված էին ՀՀ կարիքների ու առաջնայնությունների ու Կայուն զարգացման 2030 Օրակարգի վրա։

ՀՀ ՄՆ կողմից կազմակերպված թեմատիկ քննարկումներ և միջոցառումներ

ՀՀ մշտական ներկայացուցչությունը տարվա ընթացքում կազմակերպել  է մի շարք թեմատիկ քննարկումներ և հարակից միջոցառումներ՝ մասնավորապես հակամարտություններից և հումանիտար ճգնաժամերից տուժած բնակչության պաշտպանության, ցեղասպանությունների կանխարգելման, ժխտողականության դեմ պայքարի և այլ թեմաներով։ 

  • Մարտի 18-ին Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպվեց առցանց կլոր սեղան-քննարկում` «Պատերազմի և համավարակի միջև․ ականատեսների պատմություններ» խորագրով ՄԱԿ Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 65-րդ նստաշրջանի աշխատանքներին զուգահեռ: Միջոցառմանը որպես բանախոսներ հրավիրվել էին Կին խաղաղապահների համաշխարհային ցանցի հիմնադիր և գործադիր ղեկավար Մարիա Վիկտորյա Կաբրերա Բալեզան, միջազգային լրագրող Լինդսի Սնելը, Արցախը ներկայացնող լրագրող Լիկա Զաքարյանը, Քալիֆորնիայի համալսարանի վիրաբուժության պրոֆեսոր Շանթ Շեքերդիմյանը և քաղաքագետ Կարենա Ավեդիսյանը։ Քննարկումը վարում էր «Հայ իրավաբանների միության» նախագահ Լյուսի Վարպետյանը: Բանախոսներն անդրադարձան 2020թ. Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով կանանց և աղջիկների իրավունքների ոտնահարմանը, այդ թվում` COVID-19 համավարակով պայմանավորված սոցիալ-տնտեսական և առողջապահական ճգնաժամերի պայմաններում (https://media.un.org/en/asset/k17/k17ac0fdsk): 

Ապրիլի 26-ին Հայաստանի մշտական ներկայացուցչությունը կազմակերպեց առցանց քննարկում՝ «Ճգնաժամային աջակցությունից մինչև հումանիտար բազմակողմանիություն․ Մերձավոր Արևելքում մարդասիրության ժառանգությունը ցեղասպանության դարաշրջանում» խորագրով ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին։ Քննարկման մասնակիցներից էին Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի դասախոս Խաչիկ Մուրադյանը, Օքսֆորդի համալասարանի Բլավատնիկի կառավարման դպրոցի ավագ գիտահետազոտող Հյուգո Սլիմը և «Ժողովրդավարություն արաբական աշխարհի համար հիմա» կազմակերպության գործադիր տնօրեն  Սառա Լի Ուիթսոնը: Իր ելույթում Մ.Մարգարյանը նշեց, որ Հայոց ցեղասպանությունից մեկ դար անց դեռևս առկա են լուրջ մարտահրավերներ մարդկության դեմ ոճրագործություններին միջազգային հանրության արձագանքի գործում՝ հիշատակելով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից միջազգային ահաբեկիչների ու վարձկանների ներգրավմամբ Արցախի ժողովրդի դեմ սանձազերծած պատերազմը, Լեռնային Ղարաբաղի բնակչությանը միջազգային հումանիտար օգնության խոչընդոտելը, հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների վերադարձնելուց հրաժարվելը ու պետական մակարդակով հակահայ ատելության քարոզը։  Բանախոսներն անդրադարձան Հայոց ցեղասպանությանը միջազգային հանրության արձագանքի,  ժխտողականության դեմ պայքարի և ապագա ոճրագործությունների կանխարգելման հարցերին (https://media.un.org/en/asset/k1c/k1cae7fmlv):

Հոկտեմբերի 13-ին Նյու Յորքի հանրահայտ «Քարնեգի հոլ» համերգասրահում​ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության հովանու ներքո տեղի ունեցավ համերգ` նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության 30-րդ տարեդարձին։ Ամերիկահայ դաշնակահարուհի Կարինե Պողոսյանի կատարմամբ հնչեցին Արամ Խաչատրյանի, Սերգեյ Ռախմանինովի, Ջորջ Գերշվինի և այլ աշխարհահռչակ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Համերգին հաջորդեց ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպված պաշտոնական ընդունելությունը, որին ներկա էին ՄԱԿ անդամ պետությունների մշտական ներկայացուցչությունների ղեկավարներ, դիվանագետներ, ՄԱԿ Քարտուղարության պաշտոնյաներ և Նյու Յորքի հայ համայնքի ներկայացուցիչներ։

Դեկտեմբերի 9-ին Հայաստանի մշտական ներկայացուցչությունը և Պաշտպանելու պատասխանատվության գլոբալ կենտրոնը համատեղ կազմակերպեցին «Կրթության դերը ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարում» խորագրով առցանց քննարկում։ Միջոցառման մասնակիցներին ուղղված տեսաուղերձներով հանդես եկան  ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը և Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Էլիս Վաիրիմու Նդերիտուն։ Ելույթներով հանդես եկան ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը, Պաշտպանելու պատասխանատվության գլոբալ կենտրոնի գործադիր տնօրեն Սավիտա Պոնդեյը, Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի դասախոս Խաչիկ Մուրադյանը, Մասաչուսեթսի Քլարկի համալսարանի պատմության պրոֆեսոր Թաներ Աքչամը, Յոհանեսբուրգի Հոլոքոստի և ցեղասպանության կենտրոնի գործադիր տնօրեն Թալի Նեյթսը, ԱՄՆ Հոլոքոստի հիշատակի թանգարանի ծրագրերի պատասխանատու Անդրեա Գիթելմանը և Ցեղասպանության ու զանգվածային ոճրագործությունների կանխարգելման Աուշվիցի ինստիտուտի գործադիր փոխտնօրեն Ջեկ Մայերհոֆերը։ Բանախոսները քննարկեցին զանգվածային ոճրագործությունների ժխտողականության նոր ձևերը ու դրա ներգործությունը ցեղասպանությունների զոհերի ճշմարտության և արդարության իրավունքի իրացման վրա (https://media.un.org/en/asset/k1w/k1wtccbods):

2022թ. նշանավորում է ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 30-ամյա տարեդարձը։ Այդ ժամանակաշրջանի ընթացքում կազմակերպությունը հանդիսացել է Հայաստանի առանցքային գործընկերը՝ բարեփոխումների օրակարգն առաջ մղելու, ժողովրդավարական հաստատություններ ստեղծելու, լավ կառավարումը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները խթանելու գործում։ 1992թ․ մարտի 2-ին անդամակցելով Միավորված ազգերի կազմակերպությանը՝ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ ՄԱԿ Կանոնադրության նպատակներին ու սկզբունքներին՝ իր ներդրումն ունենալով կայուն զարգացման, ցեղասպանությունների կանխարգելման և ժխտողականության դեմ պայքարի, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների առաջմղման ու գլոբալ մարտահրավերներին  դիմագրավելու գործում։ 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: