• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանի հարցազրույցը Հայաստանի հանրային ռադիոյի «Դիվանագիտական գործ» հաղորդմանը

19 օգոստոսի, 2026
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանի հարցազրույցը Հայաստանի հանրային ռադիոյի «Դիվանագիտական գործ» հաղորդմանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Միավորված ազգերի կազմակերպությունը, որն առավել հայտնի է ՄԱԿ անունով, ծնունդ է առել 1945 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավերիչ տարիներից հետո։ Այն ստեղծվեց մի գաղափարի շուրջ, որը մարդկության համար կենսական անհրաժեշտություն ուներ՝ պատերազմների փոխարեն երկխոսություն, հակամարտությունների փոխարեն խաղաղություն, իսկ ժողովուրդների միջև՝ սեր և համագործակցություն։

Այդ պատմական որոշումից անցել է ավելի քան 8 տասնամյակ, քիչ ժամկետ չէ միմյանց հետ հաշտ ապրել սովորելու համար, բայց մենք դեռ շարունակում ենք ունենալ պատերազմի նախարարություններ ու զինվելու անվերջանալի թվացող մրցավազք, ուստի ՄԱԿ-ի առաքելությունը շարունակում է մնալ նույնքան արդիական ու ավելի կարևոր։

Այսօր կազմակերպության առջև կանգնած են նոր ու ավելի բարդ մարտահրավերներ՝ հին հակամարտությունների չլուծված հետևանքներից մինչև նոր պատերազմներ, ճգնաժամեր և գլոբալ սպառնալիքներ։ Հենց այս մասին զրուցել ենք ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանի հետ։

-Գիտեք, երևի իմ առաջին գործուղումը, որը նույնպես Նյու Յորքում էր, ես այն ժամանակ չէի մտածել, որ կվերադառնամ այլ կարգավիճակով, իմ 3 տարին՝ 1998 թ․-ից մինչև 2001-ը, որպես 3-րդ, ապա 2-րդ քարտուղար ՄԱԿ-ում մեր ներկայացուցչության, թերևս ամենակարևոր դիվանագիտական դպրոցն էր։

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն արդեն երեք տասնամյակ ծառայում է որպես Հայաստանի դիվանագետ՝ իր մասնագիտական առաջին քայլերն անելով Նյու Յորքից՝ տարիներ անց վերադառնալով Նյու Յորք՝ այս անգամ ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի կարգավիճակով։

Իր դիվանագիտական կարիերայի ընթացքում նա եղել է նորանկախ երրորդ հանրապետության նոր ձևավորվող դիվանագիտական թիմի մի մասը, որը ձգտում էր համաշխարհային երկխոսության և տեսանելիության, այդ թվում՝ ՄԱԿ-ի հարթակների միջոցով։

-ՄԱԿ-ը, լինելով ամենաներկայացուցչական, ամենաբազմոլորտ կառույցը, որը գոյություն ունի, տալիս է առանձնահատուկ փորձառություն․ դու կարողանում ես շփվել աշխարհի բոլոր երկրների հետ, այն հնարավորություն է նաև ինֆորմացիայի առումով և անհամեմատելի է որևէ այլ կառույցի հետ։ Մի քանի տարի Նյու Յորքում աշխատանքը, իհարկե, անգնահատելի փորձ է տալիս։ Թերևս դա դարձավ ամենակարևոր փորձառությունը և օգնեց հետագա բոլոր պաշտոններում։

ՄԱԿ-ը մեր ժամանակների ամենահայտնի և հնչեղ կառույցներից է, հատկապես փոքր երկրների համար այն հարթակ է, խոսափող և տեսանելիության ցուցիչ։

Հայաստանը, որպես ՄԱԿ-ի անդամ երկիր, այս ընթացքում հասցրել է թե՛ ՄԱԿ-ի ծրագրերի շնորհիվ զարգանալ, և թե՛ կառույցում օրակարգը հարստացնել։

— Օրինակ՝ ՄԱԿ-ի օրակարգում՝ Նյու Յորքում, չկար նման օրակարգի կետ՝ կրթությունը խաղաղության կոնտեքստով։ Դա նշանակում է, որ դրա շուրջ լինելու են քննարկումներ, համապատասխան քայլեր, ֆինանսավորում, իսկ դա մեծ նշանակություն ունի, չէ՞ որ խաղաղության կուլտուրան սկսվում է հենց կրթական հաստատություններից, նույնը վերաբերում է կանանց, աղջիկներին առնչվող և մի շարք այլ հարցերին։ Նույնը կարող ենք ասել Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ, երբ Հայաստանն ամեն տարի կազմակերպում է այդ ֆորումները՝ գլոբալ, միջազգային և ներկայացնում է բանաձևեր թե՛ Նյու Յորքում, թե՛ Ժնևում։ Դա էլ իր ներդրումն է, որպեսզի Ցեղասպանության կանխարգելումը մնա քաղաքական պրոցեսների կենտրոնում։ Նաև բարձրաձայնում ենք խնդիրները՝ դեպի ծով ելք չունեցող երկրների վերաբերյալ՝ Հայաստանը այդպիսի երկիր է, միջին եկամուտ ունեցող երկրների հարցերը, Հայաստանը միջին եկամուտ ունեցող երկիր է։

Արդեն մեկ ու կես տարի է՝ Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ի ամբիոնից խոսում, պատմում, ներկայացնում է Հայաստանի օրակարգը։ Ժամկետը, իհարկե, մեծ չէ, բայց ժամանակաշրջանն է կարևոր։ Այս ընթացքում Հայաստանը ՄԱԿ-ում հասցրել է ծրագրեր նախաձեռնել ու շատ «առաջին անգամ»-ներ գրանցել։

— Հայաստանը պետք է առաջ տաներ խաղաղության օրակարգը, առաջ տաներ իր դրական օրակարգին ուղղված դիրքորոշումը, և կարծում եմ՝ հաջողվեց ունենալ մի շարք դրական զարգացումներ։ Հայաստանն ընտրվեց մի շարք մարմիններում։ Ես տնտեսական, սոցիալական խորհրդի փոխնախագահն էի և բանագնացը, համաբանակցողը՝ պանդեմիաների դեմ պայքարի վերաբերյալ քաղաքական հռչակագրի։ Մենք զարգացման մի շարք ծրագրերի գործադիր խորհրդի անդամ ենք։ Առաջին անգամ ընտրվել ենք քաղաքաշինության հանձնաժողովի անդամ, սա նույնպես շատ հատկանշական է, որ Հայաստանն ուզում է ներդրում ունենալ այդ կառույցում։ Մեր էքսպերտն առաջին անգամ ընտրվեց հաշմանդամության հարցերով հանձնաժողովի անդամ։ Ե՛վ այլն, և՛ այլն։

Եկե՛ք խոստովանենք՝ չնայած իր կարևոր առաքելությանը, ՄԱԿ-ը հաճախ հայտնվում է քննադատությունների կենտրոնում։ «Ո՞ւր է ՄԱԿ-ը», «Ինչո՞ւ չի արձագանքում», «Ինչո՞ւ ոչինչ չի անում»․ նման հարցերը հնչում են ամեն անգամ, երբ աշխարհում պատերազմ է բռնկվում, խաղաղ բնակիչներ են տուժում կամ մարդու իրավունքները ոտնահարվում են։

Ամենուրեք նույն հարցն է՝ իսկ այնտեղ մեզ լսո՞ւմ են։

— Գիտե՞ք ինչ, այդ քննադատությունը գոյություն ունի յուրաքանչյուր միջազգային կազմակերպության դեպքում, ինչը բնական է, այդ բոլոր կառույցները ստեղծվել էին այլ ժամանակաշրջանում, ՄԱԿ-ը ստեղծվել է 2-րդ համաշխարհայինից հետո՝ 80-ամյակն անցած տարի նշեցինք։ Իհարկե, կառույցը չէր կարող պատրաստ լինել նոր փոփոխությունների լիարժեքորեն, և այժմ գոյություն ունի ՄԱԿ-ի բարեփոխման ծրագիր, ՄԱԿ80 է կոչվում, ինչքանով կհաջողվի, կտեսնենք, բայց նման իրավիճակը ինչ-որ տեղ բնական է։ Մյուս կողմից՝ ՄԱԿ-ը հայելի է, նա հիանալի կերպով ցուցադրում է՝ ի՞նչ է կատարվում աշխարհում, ինչպե՞ս է գործում միջազգային կանոնակարգը, ՄԱԿ-ը ցույց է տալիս, որ թուլացել է միջազգային կանոնակարգը, կարգուկանոնը, և այդ առումով մասամբ քննադատությունն իրավացի է։

Իսկ հիմա եկեք միանգամից գուշակենք, թե որն է ՄԱԿ-ի ամենաքննարկվող և քննադատվող կառույցը։ Այո՛, Անվտանգության խորհուրդը։

— Թերևս, ամենամեծ քննադատությունը կա Անվտանգության խորհրդի հասցեին, որտեղ մշտական անդամների միջև շատ բարդ է պատկերացնել համաձայնություն որևէ հարցի շուրջ, և դրանով պայմանավորված՝ լրջագույն կոնֆլիկտներում և իրավիճակներում ՄԱԿ-ը ինչ-որ տեղ պարալիզացված է և չի կարողանում ադեկվատ կերպով արձագանքել, բայց դա միայն մի մասն է գործողության, այսբերգի, այսպես ասած, մի մասն է։ Երևացող մասը։

Ինչպես արդեն հասկացանք՝ ՄԱԿ-ը բազմաշերտ համակարգ է, որտեղ մեկ սեղանի շուրջ հանդիպում են աշխարհի տարբեր անկյուններից եկած պետություններ, ժողովուրդներ ու շահեր։ Այստեղ հնչող յուրաքանչյուր խոսք անցնում է դիվանագիտության, քաղաքականության և երբեմն՝ հակասությունների միջով։

ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունենալը պարզապես խոսել չէ, այլ երկխոսել է աշխարհի հետ ու նրա առաջ։

— Դու դիմում ես ամբողջ աշխարհին, ու դու խոսում ես ոչ թե որպես անձ, այլ երկիրն է խոսում քո միջոցով, դա մեծ պատասխանատվությունն է, դու փորձում ես ամեն մի բառը մի քանի անգամ վերստուգել, ցուցաբերել հատուկ ուշադրություն ամեն մի ելույթին, ինչը երբեմն հոգնեցուցիչ է, բայց անհրաժեշտ է, քանի որ մեծ պատասխանատվություն է, դու պատկերացնում ես ամբիոնը, ու հասկանում ես, որ այդ ելույթներն ուղարկելու են այդ բոլոր 193 երկրի մայրաքաղաքներ, և դա կֆիքսվի, և ամեն մի բառ ունի իր շատ մեծ նշանակությունը։ Ինչ-որ տեղ Նյու Յորքը վիտրինա է, որտեղ պետք է առավել ժամանակ հատկացնես ներկայացուցչական միջոցառումներին։ Չեմ ուզում ասել, որ մրցակցություն է, որովհետև անհնար է մրցեն 193 երկիր, բայց ինչ-որ տեղ առավել ջանքեր է պահանջում՝ հաշվի առնելով այդ հարթակի նշանակությունը, անգամ այս ոչ շատ բարվոք իրավիճակում՝ թե կառույցի, թե աշխարհի համար։

Իսկ ո՞վ է լավ դիվանագետը։

— Իմ կարծիքով, լավ դիվանագետը այն անձն է, ով կարողանում է երկխոսություն վարել, կարողություն ունենալ, երկխոսել, շփվել, համոզել, ներկայացնել, չհանձնվել, հետևողական պահել դիրքորոշումները։ Սա, իմ կարծիքով, հիմնական կետն է, իհարկե, դրա համար պետք է ունենալ կրթություն, պետք է ունենալ խառնվածք, երբեմն փորձառություն այս կամ այն հարցում, բայց, իմ կարծիքով, երկխոսություն վարելու կարողությունը կնշեի որպես կարևորագույն հատկանիշ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: